
Կրիպտո բորսա MEXC-ին մեղադրել են օգտատերերի կրիպտոակտիվների ապօրինի սառեցման և շանտաժի մեջ
Ներդրողը, ով հանդես է գալիս White Whale մականունով, մեղադրել է կենտրոնացված կրիպտոարժույթի բորսա MEXC-ին իր միջոցների՝ 3,1 մլն դոլարի, ապօրինի սառեցման մեջ 2025թ. հուլիսին։ Նրա խոսքով՝ հարթակը ճնշում է գործադրում՝ դա ներկայացնելով որպես օգտատերերի նույնականացման ստանդարտ գործընթաց KYC (Know Your Customer)։ Չնայած նա լիովին համապատասխանել է անձը հաստատող բոլոր պահանջներին, իր ակտիվներին հասանելիությունը մնում է արգելափակված։ Աջակցման ծառայության հետ շփվելուց հետո White Whale-ը պահանջել է կապ հաստատել բորսայի ղեկավարների հետ, սակայն պատասխանել է միայն աջակցության բաժնի ղեկավարը։ Զրույցի ընթացքում նրան առաջարկել են անձամբ մեկնել Մալայզիա՝ KYC-ն անցնելու համար։ Ներդրողը նշել է, որ արդեն տրամադրել է վավերացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իսկ անձնական ներկայությունը MEXC-ի կանոններում պարտադիր պայման նշված չէ։ Քանի որ վերջին շրջանում հաճախակի են դարձել կրիպտոակտիվների տերերի առևանգման դեպքերը, նա նման ուղևորությունը համարել է վտանգավոր։ Երբ նա մերժել է առաջարկը, աջակցման ներկայացուցիչը նշել է, որ միայն Մալայզիա մեկնելով կարող է արագացնել հաշվի ապաբլոկավորումը։ White Whale-ը նման մոտեցումը որակել է որպես բացահայտ ճնշում օգտատերերի նկատմամբ։ Այլ թրեյդերների բողոքները Ստեղծված իրավիճակը կրկին առաջ է բերել մտահոգություններ՝ կապված կենտրոնացված բորսաների վերահսկողության հետ օգտատերերի ակտիվների նկատմամբ։ Թեև MEXC-ը հրապարակային մեկնաբանություն չի տվել, այլ թրեյդերներ նույնպես հայտնել են նմանատիպ փորձի մասին։ Օրինակ՝ Պաբլո Ռուիսը պատմել է, որ իր ավելի քան 2 մլն դոլարի USDT հաշիվը սառեցվել է 2025թ. ապրիլին՝ բորսայի «ռիսկերի կառավարման համակարգի» շրջանակում։ Նրա խոսքով՝ MEXC-ը իրեն հայտնել է, որ հաշիվը կմնա սառեցված 365 օր, և մուտք գործել կկարողանա միայն 2026թ. ապրիլին։ White Whale-ի կարծիքով՝ բորսայի նման վարքագիծը դուրս է թույլատրելի սահմաններից և հիշեցնում է քրեական ֆիլմերի սցենար։ Նա ընդգծել է, որ եթե բորսան նման կերպ է վարվում միլիոնավոր դոլարների պորտֆել ունեցող հաճախորդի հետ, ապա ցանկացած այլ օգտատեր ևս կարող է բախվել նմանատիպ խնդրի։

Հեղ.՝ MONSTERS TRADING ACADEMY
Հրապարակվել է ՝ 06 Սեպ 2025