
Չանպեն Չժաոն ազատությունից դուրս գալու մեկ տարին նշեց՝ գնահատելով կրիպտոշուկայի վիճակը
Աշխարհի ամենախոշոր առևտրային ծավալներով կրիպտոբորսայի՝ Binance-ի հիմնադիրն ու հիմնական սեփականատերը՝ Չանպեն Չժաոն (Changpeng Zhao), պատմել է, որ իր ազատ արձակմանն ԱՄՆ-ում հաջորդած մեկ տարվա ընթացքում կրիպտոարդյունաբերությունը ենթարկվել է արմատական փոփոխությունների։
Բիզնեսմենի խոսքով՝ այդ ժամանակահատվածում բիթքոյնը, էթերը և իր բորսայի թոքենը՝ BNB-ն, հասել են նոր պատմական առավելագույնների, ինչը ուղեկցվել է ծրագրավորողների թվի աճով ինչպես BNB Chain-ում, այնպես էլ ընդհանրապես կրիպտո էկոհամակարգում։
Չժաոն ուրախացել է, որ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հրաժարվել է «կարգավորել հարկադրանքի միջոցով» մոտեցումից՝ թույլ տալով շուկային զարգանալ ավելի կանխատեսելի կերպով։ Նա նաև ընդունել է, որ անձամբ փորձարկել է որոշ մեմքոյններ և հետևել թրեյդերների վարքագծին։ Նրա խոսքով՝ ինքը «պարզապես խաղում և սովորում էր», որպեսզի ավելի լավ հասկանա համայնքի մշակույթն ու կրիպտոարժույթների դինամիկան։
Հիշեցնենք, որ Չանպեն Չժաոն 2024թ․ ապրիլի 30-ից ԱՄՆ-ում կրել է հնգամսյա ազատազրկում՝ բորսայի կողմից փողերի լվացման դեմ կանոնների չկատարելու մեղադրանքով։
Բիզնեսմենը ազատ է արձակվել Լոս Անջելեսի Long Beach կենտրոնից անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին։ ԱՄՆ Արդարադատության նախարարության հետ համաձայնագրի շրջանակում նա վճարել է 50 միլիոն դոլարի տուգանք և հրաժարվել Binance-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։
Վերջերս Չժաոն կարծիք է հայտնել, որ ժամանակի ընթացքում բիթքոյնը կդառնա համաշխարհային պահուստային արժույթ։

Հեղ.՝ MONSTERS TRADING ACADEMY
Հրապարակվել է ՝ 26 Սեպ 2025