
Չանպեն Չժաո․ «Բիթքոյնը կդառնա համաշխարհային պահուստային արժույթ»
Աշխարհի խոշորագույն կրիպտո բորսայի՝ Binance-ի հիմնադիր և գլխավոր բաժնետեր Չանպեն Չժաոն կարծիք է հայտնել, որ ժամանակի ընթացքում բիթքոյնը կդառնա համաշխարհային պահուստային արժույթ։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ ընկերություններ, հատկապես ավանդական ֆինանսական հատվածից, սկսում են կուտակել բիթքոյն երկարաժամկետ պահպանման համար։ Որոշ կորպորացիաներ նույնիսկ բազմամիլիոնանոց պարտատոմսեր են թողարկում՝ բիթքոյն գնելու նպատակով։ «Մենք ականատես ենք լինում ֆինանսական հատվածի էվոլյուցիային։ Հաճելի է տեսնել, որ ոչ միայն ֆինանսական ավանդական ինստիտուտները, այլև նույնիսկ պետությունները սկսում են ընդունել ոչ միայն բիթքոյն, այլև այլ կրիպտոարժույթներ։ Կրիպտոարդյունաբերությունը երկար ճանապարհ է անցել մինչև այս փուլը», — նշել է Չժաոն։ BTC Treasuries-ի տվյալներով՝ միայն վերջին ամսում մոտ 17 ընկերություն առաջին անգամ գնել է բիթքոյն։ Ընդհանուր առմամբ ներկայումս բիթքոյն ունի 310 իրավաբանական անձ, որոնցից 178-ը՝ հրապարակային ընկերություններ, 61-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, իսկ 44-ը՝ ֆոնդեր։ Ամենամեծ մասնաբաժինը գտնվում է ԱՄՆ-ում։ Բացի այդ՝ 43 ընկերություն գրանցված է Կանադայում, 20-ը՝ Մեծ Բրիտանիայում, իսկ 22-ը՝ Ճապոնիայում և Հոնկոնգում։ 2025 թ. հուլիսին, երբ բիթքոյնը հասավ նոր պատմական գագաթնակետի՝ 122 000 դոլարի, Չժաոն հիշեցրեց թրեյդերներին, որ սա դեռ միայն սկիզբն է բիթքոյնի «ցուլային ռալլի»-ի։ Մի քանի օր առաջ նա նաև նշել էր, որ կենտրոնական բանկերի թվային արժույթները դառնում են անօգուտ՝ սթեյբլքոյնների արագ զարգացման պատճառով, որոնք զգալիորեն պարզեցնում են միջազգային փոխանցումները և հաշվարկները։

Հեղ.՝ MONSTERS TRADING ACADEMY
Հրապարակվել է ՝ 08 Սեպ 2025